

Վերջապես երեկոյան, ժամը 20:00-ին, ՀՀ ՊՆ կողմից տրամադրված ավտոբուսները անվտանգ և ապահով մեզ հասցրեցին Այգեստան:
Ինչպես միշտ, ճամբարի կազմակերպիչները մեզ դիմավորեցին բավականին ջերմ, և ճամբար հասնելուն պես սեբաստացի ասպետները բաժանվեցին երկու դասակների՝ 5-րդ և 6-րդ, որոնց հրամանատարությունը ստանձնեցին կրթահամալիրի դասավանդողներ Արման Երանոսյանը (5-րդ դասակ) և Գնել Հարությունյանը (6-րդ դասակ): Երկու դասակների աշխատանքների համակարգումը իրականացնում է Արտյոմ Խաչատրյանը: 5-րդ դասակում ընդգրկված են վարժարանի սովորողները, գեղարվեստի ավագ դպրոցի երկու սովորող և Մեծամորի դպրոցի միակ ներկայացուցիչը, իսկ 6-րդ դասակում՝ արհեստների և գեղարվեստի ավագ դպրոցների սովորողները:
Ճամբարային առօրյան խիտ հագեցած է, և ճամբարային օրերն անցնում են շատ դինամիկ և հետաքրքիր: Առավոտյան վերկացը ժամը 7:30-ին է, որին հաջորդում են առավոտյան մարզումները՝ վազք, ապա լիցքային վարծություններ:

Ճամբարում անձնական հիգենայի հետ կապված հարցերը նույնպես բավարար մակարդակի վրա են, այս օրերի ընթացքում մեր բոլոր սովորողները գոնե մեկ անգամ արդեն լողացել են:
Սովորողները քնում, արթնանում և իրենց առօրյան կազմակերպում են զորանոցներում: Ճամբարում լուրջ ուշադրություն է դարձվում պատանիների անվտանգությանը, և սովորողները գտնվում են սպայակազմի անընդհատ հսկողության տակ:
Անցած ճամբարային հինգ օրերի ընթացքում հասցրել ենք անցկացնել ծրագրով նախատեսված բոլոր ներքին ճամփորդությունները: Առաջինը այցելել ենք Շուշի, այնուհետև Ամարասի հայտնի վանք-դպրանոց: Եղել ենք Տիգրանակերտում՝ տեղի հոյակերտ հնագիտական թանգարանում, տեսել Աղդամ… քաղաքը: Արդեն երեկ այցելեցինք Գանձասար, ինչպես նաև շրջագայեցինք Գանձասարի մոտակայքում գտնվող Վանք գյուղով՝ գազանանոց, Ծովինքար և այլ տեսարժան վայրեր:

Առաջին ստուգատեսը «Բռեյն-ռինգ» ինտելեկտուալ մրցաշարն էր, որտեղ 5-րդ դասակը ներկայացնող վարժարանցիները գրավեցին 2-րդ տեղը, բայց արդեն ամսի 7-ի առավոտյան մենք ցնծության մեջ էինք. գրանցվեց առաջին «ոսկին»: 5-րդ դասակի ասպետ, վարժարանի 12-րդ դասարանի սովորող Միրզոյան Էդուարդը «Սեղանի թենիս» մարզաձևում գերազանցելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվեց մրցաշարի հաղթող:
5-րդ դասակը լավ հանդես եկավ նաև վոլեյբոլի մրցաշարում՝ հասնելով մինչ եզրափակիչ, որտեղ ցավոք արդեն մեր երկու դասակների հավաքականը պարտվեց Մարտունին ներկայացնող 1-ին դասակին: Սակայն մեր տխրությունը երկար չտևեց…30 մետր վազքատարածությունում կրկին 5-րդ դասակը ներկայացնող, և կրկին վարժարանի 12-րդ դասարանի սովորող, բայց արդեն Աշոտ Վարդանյանը ցույց տալով ամենալավ արդյունքը ճանաչվեց սպրինտի հաղթող...

Ճամբարային ծրագրով նախատեսված շատ ռազմամարզական ուսումնական վարժանքներ և ստուգատեսներ դեռևս ընթացքի մեջ են կամ դեռևս չեն անցկացվել, և հույսով ենք, որ մեր տղաները բարձր կպահեն մեր կրթահամալիրի պատիվը՝ այդ ստուգատեսներում հանդես գալով հաջողությամբ՝ որպես կարգապահ, համախմբված և պատվախդիր թիմ…

Ճամբարի հանդիսավոր փակումը նախատեսված է օգոստոսի 13-ին, և մեր ճամբարականները Երևան կվերադառնան օգոստոսի 14-ին:
Հ.Գ. Ճամբարի թերությունը տարածքում համացանցի բացակայությունն է, ինչը դժվարեցնում է ճամբարային առօրյայի առավել հաճախակի ներկայացումը: Բայց դե, էլ ինչ ճամփորդություն Արցախ, որ գոնե մեկ անգամ չշոշափվի մեր բարեկամ Ռազմիկ Հակոբյանի անունը: Ռազմիկին կրկին շնորհակալություն, որ օգնեց «դուրս գալ եթեր»…
«Ասպետ-2o14», 5-րդ դասակի հրամանատար՝ Արման Երանոսյան
0 коммент.:
Отправить комментарий