четверг, 14 августа 2014 г.

Ասպետները նվաճեցին Արայի լեռը

2014 թ-ի հուլիսի 26-ին, ժամը 8-ին Սբ. Երրորդության եկեղեցու մոտից մեկնեցինք Արայի լեռ: Մեկնեցինք ասելով նկատի ունեմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից <<Ասպետ>> ամենամյա ուսումնամարզական ճամբար մեկնող ավագ դպրոցի տղաներին, ինչպես նաև մեզ ուղեկցող դասավանդողներին: Մեր նպատակակետն էր Արայի լեռան գագաթը: Տրամադրված էինք այնքան դրական, որքան դրական հնարավոր էր տրամադրված լինել: Ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես Սբ. Երրորդության եկեղեցու մոտից հայտնվեցինք լեռան մոտ, քանի որ առանց այն էլ ոչ երկար ճամփան համեմված էր զվարճությամբ և հումորով:
Մինչ լեռան գագաթ բարձրանալը հանդիպեցինք կիսաքանդ մի եկեղեցու, որը գտնվում էր լեռան ստորոտում՝ Զորավան գյուղի մոտ: Եկեղեցին դիտելիս, մեզ մոտեցավ տեղացի մի պապիկ և մի փոքր պատմեց եկեղեցու մասին: Նրա պատմածից իմացանք, որ եկեղեցին տեղացիները կոչում են <<Ղրղեվանք>> և, որ այն կառուցվել է 5-րդ դարում: Ինչևիցէ, շատ չխորանանք, չէ որ մեր արշավի նպատակը Արայի լեռան գագաթի նվաճումն էր: Լեռը մեր առջև դրեց բազում արգելքներ՝ բարձր խոտեր, փշեր և թեք լեռնալանջեր, որոնք <<քաջաբար>> հաղթահարեցինք: Սակայն լեռան հենց անհասանելությունն էր(եթե կարելի է այդպես ասել) պատճառը, որ գագաթի նվաճումը մեզ պարգևեց ուրախություն և հպարտություն: Եվ ահա վերջապես մենք Արայի լեռան գագաթին ենք և մեր ոտքերի տակ է փռված <<ողջ աշխարհը>>: Կարծես լեռը մեզ պարգևատրում է իրեն հաղթահարելու համար: Իհարկե չմոռացանք անմահացնել այդ պահերը՝ դրանք հանձնելով լուսանկարչական ապարատին: Սակայն ցավոք մեր ապրումներն ու տպավորությունները հնարավոր չէր անմահացնել նույն կերպ, և պահպանեցինք այն մեր սրտերում: Անձամբ ես՝ առաջին անգամ լիելով Արայի լեռան գագաթին շատ հաճելի հուշեր պահեցի իմ սրտում:

Վարդանյան Սողոմոն, Ավագ դպրոց, 12-րդ դաս.


0 коммент.:

Отправить комментарий