воскресенье, 25 августа 2013 г.

Ես մի բուռն եմ քո հողի...

Ստեփանակերտ հասնելիս ճամփաբաժան կա՝ մի ճանապարհը տանում է Ստեփանակերտ, մյուսը՝ Բալուջա կամ Նոր Այգեստան գյուղ: Հենց այստեղ, Նոր Այգեստան գյուղի տարածքում, Բալուջա գետի ափին է տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Ճամբարը պարտադիր է ԼՂՀ բարձր դասարանի սովորողների համար և գործում է արդեն չորրորդ տարին: ճամբարին մասնակցել են նաև բազմաթիվ սփյուռքահայ պատանիներ: ԼՂՀ ՊԲ նախարարությունը մի քանի անգամ փորձել է ճամբարում ներգրավել հայաստանցի պատանիներին, սակայն առաջարկությունը արձագանք չի գտել: 
Այս տարի առաջին անգամ Հայաստանից ճամբարի աշխատանքներին մասնակցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շուրջ 60 սովորողներ: Մեր պատանիներն իրական դաշտային պայմաններում ծանոթացան ռազմական գործին, շփվեցին արցախցի հայրենակիցների հետ, մարզվեցին, խաղացին, միասին ուրախացան և տխրեցին։ Հայ պատանին զինվոր դառնալուց առաջ իմացավ, թե ինչ են իրականում բանակն ու ռազմական միջավայրը, հայրենագիտական ճամփորդությունների շնորհիվ ճանաչեց Արցախ աշխարհը:
Արցախում ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ. սովորողների աշնանային արձակուրդի ժամանակ՝ հոկտեմբերին, Գանձասար հրաշքում կկազմակերպվեն համատեղ մեդիաօլիմպիական ճամբարը (ի դեպ, արդեն երկրորդ անգամ), պատանեկան ակումբների հավաք և այլընտրանքային, ոչ ֆորմալ կրթությանը նվիրված մանկավարժական հավաք: Հունիս ամսին նույն Բալուջա գետի ափին ճամբարը կկազմակերպվի աղջիկների մասնակցությամբ, ճամբարի բովանդակությունը կլրացվի առաջին բուժօգնության դասընթացներով և քաղպաշտպանությամբ: Դասընթացներին հատկապես կմասնակցեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, օրիորդաց դասարանի սանուհիները:
Սեբաստացների կրթական հանրույթի յուրաքանչյուր դասավանդող և սովորող առաջնորդվում է «Արցախը Հայաստանն է, Հայաստանն Արցախն է» սկզբունքով:

0 коммент.:

Отправить комментарий