воскресенье, 25 августа 2013 г.

Արցախյան հուշեր

Դեռևս մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ 24 տարի շարունակ երբևէ չլինելով Արցախում ՝ մեկ տարվա ընթացքում կհասցնեմ 3 անգամ այցելել Արցախ աշխարհ: Արցախը ճանաչելու իրական հնարավորությունը թերևս վերջին այցելությունն էր:
 Երկուշաբթի օրը` հուլիսի 9-ին, ժամը ուղիղ 7:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ստանալով Վահե սարկավագի օրհնությունը,  ընկանք ճամփա: Անվերջ հեռու թվացող Այգեստան գյուղ հասանք ժամը17-ին մոտ: Այն, որ այս ճամբարը յուրահատուկ էր և տարբերվելու էր մինչ այս եղած բոլոր ճամբարներից, գիտեինք բոլորս, սակայն մեր ամենավառ պատկերացումն անգամ հեռու էր իրականությունից:
 Նախ պարզվեց, որ մենք 10 օր անց ենք կացնելու գաղտնի հետախուզական զորամասի տարածքում՝ իսկական զինծառայողների անմիջապես կողքին:

 Երկորդ` մեր առօրյան գրեթե ոչնչով չէր տարբերվելու իսկական բանակի առօրյայից:
 Երրորդ` մենք պետք է կազմեինք մի ամբողջ վաշտ, որը պետք է ունենար մեկ վաշտի և երկու դասակի հրամանատարներ: Ինքնին պարզ է, որ կամովին ստանձնեցի առաջին դասակի հրամանատարի պարտականությունները: Ու չորս օր շարունակ զբաղվում էինք ճամբարի բացման արարողության նախապատրաստական աշխատանքներով:  Արդյունքի մասին կլռեմ. կարծում եմ՝ ովքեր տեսան՝ իրենց գնահատականը կտան: Ի դեպ` մեր դասակը բացման հանդիսավոր արարողությանը ներկայացավ Ռաֆայել Մեսրոպյանի երբևէ չհնչած քայլերգով:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո անցանք մարզական մրցումներով և հայրենագիտական ճամփորդություններիովաշխատակարգի: Եղանք Գանձասարում` Վանք գյուղում հանդիպեցինք կրթահամալիրի բարեկամ ու իմ լավ ընկեր Ռազմիկին, այցելեցինք Շուշի, Ամարաս, Տիգրանակերտու Աղդամ: Սովորողները մրցեցին իրենց հասակակից արցախցիների հետ, հաղթեցին ու պարտվեցին, ուրախացան ու տխրեցին, հրճվեցին ու հիասթափվեցին: Մի խոսքով`ստեղծվեցին միմյանց հետ շփվելու և հարաբերվելու եզրեր: Նշեմ նաև, որ հայաստանյան կողմի պատասխանատուներս արեցինք առավելագույնը, որպեսզի այդ հարաբերությունները հնարավորինս արդյունավետ լինեն: 
  Երբ անցնում է բավականին տևական ժամանակ՝ ինքդ փորձում ես հետադարձ հայացք գցել և ինչ-ինչ եզրահանգումներ անել:
 Այսպիսով ինչ տվեց մեզ <<Ասպետ>> ռազմամարզական ճամբարը: Նախ և առաջ կարողացա ճանաչել իրական Արցախը, ձեռք բերեցի նոր ընկերներ և երկրորդ` ամբողջական պատկերացում կազմել յուրաքանչյուր սովորողի մասին:  Երեխաներն էլ վերադարձան կյանքի հարուստ փորձ կուտակած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<Ասպետ>> ռազմամարզական ճամբարի քառամյա պատմության ընթացքում սա հայաստանցիների առաջին մասնակցությունն էր, հույս ունեմ, որ շարունակական կլինի: Հավատում եմ, որ Արցախը մեզ երբեք չի մոռանա, ինչպես որ մենք երբեք չենք մոռանա մեր կյանքի արցախյան տասնօրյակը:
Հ.Գ.
 Ինձնից բացի մնացած բոլոր դասակի հրամանատարներն ունեին առնվազն լեյտենանտի կոչում:
3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար` ԷԱգջոյան

0 коммент.:

Отправить комментарий