вторник, 19 августа 2014 г.

«Ասպետ 2014» ռազմամարզական ճամբարի հաշվետվություն


Ինչպես հայտնի է, մեկնեցինք օգոստոսի 5-ին, ժամը 8:00-ին, առաջին կանգառը Սևանում էր, փոքրիկ նախաճաշ և շարունակեցինք ճանապարհը: Սահմանված երթուղով անցանք Մարտունիով, Վարդենիսով, Թարթառի հովտով: «Տանկի» մոտ կանգնեցինք, նկարվեցինք, ջուր խմեցինք, իսկ այդ ընթացքում ՊՆ մեր ավտոբուսների վարորդները գնացին մոտակա զորանոցը իրենց ուղեգրերը կնքելու: Այդպես է կարգը: Երկրորդ մեծ կանգառը Դադիվանքն էր, սնվեցինք, մի փոքր էլ հանգստացանք: Պետք է խոստովանել, որ ճանապարհը ինչքան էլ գեղեցիկ, հետաքրքիր է, միևնույն է, հոգնեցնող է:
Ժամը 19:30 սահմաններում, վերջապես, հասանք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբար: Ճամբարի տարածքը, զորանոցները, պատկանում են ԼՂՀ ՊՆ հետախուզական գումարտակին: Ճամբարի կազմակերպիչը ԼՂՀ ԿԳՆ-ն է, բայց մեծ աջակցություն է ստանում ԼՂՀ ՊՆ-ից` գույք, սպասք և այլն: Շատ գեղեցիկ է «Ասպետ» ճամբարի տեղանքը, անտառի մեջ կորած:
Ճամբարում մենք ջերմ ընդունելության արժանացանք: Սպայական կազմը` մայոր Արսեն Հարությունյանի ղեկավարությամբ, և Մարտունու շրջանի մի քանի գյուղերից եկած պատանի ասպետները (Ճարտար, Հեր-Հեր, Ծովատեղ, Մաճկալաշեն), արդեն մեզ սպասում էին: Սեբաստացի ասպետները բաժանվեցին երկու դասակների, տեղավորվեցինք զորանոցներում:
Եթե անկեղծ, ապա մի քանի օր պահանջվեց, մինչև հայաստանցի և արցախցի ասպետները ներառվեցին, ծանոթացան, մտերմացան: Մտածողության և դաստիարարկության տարբերություն կա, բավականին մեծ տարբերություն: Մերոնք ավելի ազատ են, շփման մեջ անկաշկանդ, իսկ արցախցի պատանիները աչքի են ընկնում ընդգծված կարգապահությամբ, ֆիզիկապես ամուր են, կարծես  ծնվել են որպես զորականներ… այդպիսի սերունդ է մեծանում:
Ճամբարային տասնօրյա ռեժիմը նախապես հայտնի էր. ռազմամարզական, ինտելեկտուալ մրցաշարեր, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, լող և այլն: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ պատանի ասպետները իրենց աչքով տեսան բանակային առօրյան, շփվեցին, ընկերացան զինվորների հետ, քնեցին զինվորական մահճակալներում, կերան նույն կերակուրը, ինչ որ ուտում է հայկական բանակի զիվորը, և վերջապես` կրակեցին ինքնաձիգից: Տեսան իսկական հետախույզների, պատկերացում կազմեցին նրանց ծառայության մասին:
Փեյնթ-բոլ, թենիս, ֆուտբոլ, շախմատ, բրեյն-ռինգ, վոլեյբոլ, վազք, կրակել, գրեթե ամեն օր լողավազան, ճամփորդություններ` Շուշի, Ամարաս, Գանձասար, Տիգրանակերտ: Մի խոսքով` օրերը հագեցած էին: Առաջին օրերին սեբաստացի ասպետների համար խորթ էր ճամբարային-բանակային ռեժիմը, անգամ պատանուն հատուկ տրտնջոցներ կային, իսկ վերջին օրերին արդեն ասում էին, որ չեն ուզում վերադառնալ Երևան:
Օգոստոսի 13-ին «Ասպետ» ռազմամարզական ճամբարի փակման պաշտոնական արարողությունն էր: Բացի տեղի հրամանատարական կազմից, եկել էին նաև ԼՂՀ ԿԳՆ-ից, ՊՆ շտաբից: Բացի շնորհակալագրերից, պատվոգրերից, սեբաստացի տասնհինգ ասպետներ հատուկ նվերներ ստացան`գրքեր, հուշանվերներ («Ասպետ» հաղթողներն ու մրցանակակիրները): Իսկ վերջում, իհարկե, համերգ, երգ ու պար, որին հաջորդեց տոնական ընթրիքը:
Վերադարձանք ամսի 14-ին,  կանգառ ունեցանք Հին Խնձորեսկում, անցանք ճոճվող կամուրջով: Բարեհաջող Երևան հասանք արդեն 20:30-ին:
Նկարաշարը՝ այստեղ:
  Ճամբարի ղեկավար՝   Արտյոմ Խաչատրյան

0 коммент.:

Отправка комментария