понедельник, 13 июля 2015 г.

Ասպետ 2015-ի առաջին օրերից

Ասպետ 2015-ը մեկնարկել էր երկու շաբաթ առաջ, երբ կրթահամալիրում սկսվեցին նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:  Բուն արցախյան Ասպետ խումբն ուղևորվեց հուլիսի տասի վաղ առավոտյան: Ճանապարհը կարելի է համարել հետաքրքիր և կայացած: Չնայած սովորողների տարբեր ընկալումներին և հետաքրքրություններին, այնուամենայնիվ նրանց միավորեց Սյունյաց չքնաղագեղ աշխարհը` իր Զանգերով, գողտրիկ ու համաչափ Գորիսով, նույն այդ Գորիսի բնական բուրգերով և վերջապես, թերևս Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկով` Հին Խնձորեսկով.
կլանող կիրճ, քարանձավներ, որտեղ դեռ զգացվում է նախկին բնակիչների շունչը և իհարկե` ապրող պատմություն: Եթե մեկ ամսում 10 անգամ լինեմ այդ աշխարհում, նույնքան անգամ չեմ դադարի նույն նվիրվածությամբ պատմել ու խոսել Դավիթ Բեկի, Մխիթարի, Տեր Ավետիսի, Գոհարի... Լավ, կարծես նորից եմ սկսում պատմել: Կարծում եմ, այդ ոգևորությունն է, որ կարող է փոխանցվել սովորողին:
Կիրճ և ճոճվող կամուրջ տանող ճանապարհին բազմաթիվ աստիճաններ են կառուցել: Այստեղ խոսենք թերացումներից: Երևի թե, կարիք կա սովորողներին ստիպել կարդալ արկածային գրականություն: Ստիպել, որ ճանաչեն նպատակ ունեցող  և դժվարություն հաղթահարող հերոսին:  Նպատակ ունեցող և խնդիր լուծող հերոսին: Չգիտեմ, թեկուզ «Տասնհինգամյա նավապետը»: Թույլ են, շուտ են հոգնում, մի քանի հարյուր աստիճան դժվարությամբ են բարձրանում (խոսքն իհարկե բոլորի մասին չէ): Արկածային գրականությունը կարող է տեսական սեր սերմանել անտառի, բնության, քայլելու, արկածներ փնտրելու, հաճելի խարդավանքներով լեցուն առաջի հանդեպ: Բայց… Արկածային  գրականության թեման դեռ կշարունակենք:
Ծնողներին երևի թե ավելի շատ հետաքրքրում են իրենց երեխաների առօրյան, պայմանները ու նմանատիպ խնդիրներ: Ամեն ինչ այն է, ինչ ներկայացրել էինք նախապես: Հայաստանյան խումբը ներառված է մեկ վաշտի կազմում` երկու դասակով, համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ: Լիբանանի խումբը տեղում է` 16-20 տարեկան հետաքրքրիր պարմանիներով: Պայմանները` բարվոք, ամառային ակտիվ հանգիստ և ուսումնական ժամանց անցկացնելու առումով: Երեկվանից արդեն լողում են, խաղում: Հիվանդներ կամ կլիմայի փոփոխությունը ծանր տանողներ չունենք: Սնունդը լավ է: Չեն հասցնում սովածանալ: Միանգամից մտանք առօրյայի մեջ: Ճամբարային մրցույթները սկսվեցին Բռեյն-ռինգ մրցախաղով: Դե, ինչ ասեմ: Յոթ դասակների մեջ համառ պայքար չծավալվեց, հավասար միավորներով հաղթողի կոչումը վիճարկեցին կրթահամալիրի երկու դասակների թիմերը (հավասար միավորները վերջերս համառորեն հետապնդում են): Արդյունքում Սանասար Գևորգյանի թիմը հաղթեց Էրիկ Նիկողոսյանի թիմին, մեր խմբին բերելով վեց պատվոգիր: Ավելի ուշ Սանասարն արդեն բացահայտ առավելությամբ հաղթեց ավագների մրցույթում` մեզ բերելով յոթերորդ մրցանակը:
Դասակները ղեկավարում են Արման Երանոսյանը և Էրիկ Նիկողոսյանը: Հետաքրքիր է Էրիկին տեսնել մայորների և լեյտենանտների շրջապատում`շարային ու տեխնիկական հարցեր քննարկելիս: Ի դեպ` Էրիկի դասակի կարգախոսն է` մենք ենք տերը մեր երկրի:
Հ. Գ.: Օրվա հերթապահները ննջարաններում տարածքի խնամքը մի քիչ վատ էին կատարել: Զավենը ինքնակամ լրացնում էր բացը: Ես միջանցքում ինչ-որ գործով էի զբաղված և լսում եմ Զավենի ու Ոսկանյան Էրիկի խոսակցությունը.
- Հերթապահ ունենք, թող անի, դու ինչո՞ւ ես անում:
- Ինչ-որ մեկը պետք է սկսի, որ գործը առաջ գնա:
- Խնդիր չկա, ես քեզ կօգնեմ, բայց կողքից կասեն` լոխ է, ուրիշի տեղն է անում:
- Լոխ չեմ, մի քանի տարով երևի ավելի հասուն եմ:
Ու ինձ համար ինչ-որ անծանոթ հեղինակից խոսելով` շարունակեցին իրենց ձեռնարկած գործը:

 

0 коммент.:

Отправка комментария